Ռոբերտո Կառլոսին հիշեցրել են Ռուսաստանում իր չմարած վարկի մասին
International newsՌԴ Ռոստովի մարզի փաստաբանների խորհրդի ներկայացուցիչները փորձում են Մախաչկալայի «Անժիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսից ստանալ չվճարված վարկի պարտքը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` Ռուսաստանում հանդես գալու ժամանակ ֆուտբոլիստը բանկերից մեկում ավելի քան 300 000 եվրո գումար է վերցրել` առանց գրավի և երաշխավորության: Երկրից մեկնելուց հետո նա դադարել է վճարել վարկի տոկոսները:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ավելի ուշ բանկի աշխատակիցներին խոստացել է ամսական 10 000 եվրո վճարելով մարել իր պարտքն ու ուշացումների համար եկած տոկոսները և խնդրել է չհրապարակել այս գործի մասին: Սակայն այդ խոստումը ևս չի կատարել:
2015-ի հոկտեմբերին գործ է հարուցվել Իսպանիայում, քանի որ Կառլոսը այդ երկրի քաղաքացին է: Պատասխանող կողմի փաստաբանը խոստացել է մինչև Նոր տարի վճարել պարտքի 30 տոկոսը, սակայն դա ևս չի կատարվել: