Իրանի նախագահը պարգեւներ է հանձնել միջուկային բանակցությունների մասնակիցներին
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը փետրվարի 8-ին մեդալներով են պարգեւատրվել այն վաստակի համար, որը նրանք ունեցել են Թեհրանի եւ համաշխարհային տերությունների վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ վարած բանակցություններում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին «Միջուկային բանակցությունների վարման գործում ունեցած վաստակի համար մեդալ» Է հանձնել՝ համաշխարհային տերությունների վեցյակի հետ ինտենսիվ միջուկային բանակցությունների ընթացքում նրա կատարած աշխատանքի համար, որոնք անցյալ տարվա հուլիսին հանգեցրեցին միջուկային գործարքի կնքման, եւ որի իրականացումն սկսվել Է հունվարի 16-ին»,-այդ կապակցությամբ ասված Է IRNA-ի հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահն «Արիության մեդալ» Է հանձնել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանին:
Հանդիսավոր արարողության ընթացքում մեդալներով եւ հուշանշաններով պարգեւատրվել են նաեւ դիվանագիտական եւ տեխնիկական տարբեր գերատեսչությունների՝ բանակցություններին մասնակցած եւս 28 աշխատակիցներ, այդ թվում՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Աբաս Արագչին եւ Մաջիդ Թախթ-Ռավանչին, իր հերթին հաղորդել Է IRINN հեռուստաալիքը:
Միջուկային համաձայնագրի գործողության, Իրանի հետ համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացման սկսվելուց հետո հանվել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ավելի վաղ սահմանվել Էին նրա միջուկային գործունեության կապակցությամբ: Բանակցությունները, որոնք նախորդել Էին միջուկային գործարքի կնքմանը, շարունակվում Էին 2013 թվականի նոյեմբերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: