Մոսկվան «մաքրվում է» նախորդ դարից մնացած ինքնաշեն տաղավարներից
International newsՄոսկվայի քաղաքային իշխանությունները սկսել են քանդել մետրոյի կայարանների հարակից տարածքների առևտրի տաղավարները: Տեղի իրավապահների տեղեկացմամբ՝ քանդման ենթակա են համարվում այն տաղավարները, որոնք կառուցվել են վերջին քսան տարիների ընթացքում, բայց այս ընթացքում չեն օրինականացվել: Սոցիալական ցանցերը ողողված են տաղավարների քանդման տարբեր դրվագներ ներկայացնող լուսանկարներով, իսկ մեկնաբանություններում մարդիկ տեղեկացնում են որ տաղավարի տերերը չեն իմացել քաղաքային իշխանությունների նման ցանկության մասին:
Տաղավարների տերերի և աշխատակիցների համար իսկական անակնկալ է եղել, երբ առավոտյան ոստիկաններն առանց նախազգուշացնելու սկսել են տեղափոխել ապրանքով լի արկղերը: Տեղի իրավապահներն «Ինտերֆաքս» գործակալությանն ասել են, որ դրանք քանդվում են՝ հիմնվելով դատարանի համապատասխան որոշման վրա, իսկ ըստ դատական կատարածուների՝ տաղավարների աշխատողները և տերերն այդ մասին մի քանի անգամ զգուշացվել են, ուստիև այն չէր կարող նրանց համար անակնկալ լինել:
Գործակալության տեղեկացմամբ՝ քանդվելու են նաև մետրոյի «Տագանսկայա» և «Պարտիզանսկայա» կայարանների հարակից տաղավարները նույնպես: Ավելի վաղ տաղավարների տերերը սոցցանցերի միջոցով տեղեկություն էին տարածել, որ արդեն մի քանի օր է՝ տարածքը հոսանքազրկված է:
Ի դեպ, դեկտեմբեր ամսին Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ միջոցներ են ձեռնարկելու ՌԴ մայրաքաղաքի ողջ տարածքից 104 ինքնաշեն տաղավար քանդելու և տարածքները մաքրելու համար: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ քանդված տաղավարներ կան, որոնց տերերը գործակալությանը վստահեցրել են, որ իրենց տաղավարները ոչ միայն օրինական կերպով են կառուցվել, այլև դատարանի մի քանի ատյանների կողմից իրենց սեփականությունը հաստատող շահած վճիռներ ունեն:
Ա. Գ.