ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկելու է Սիրիայի հումանիտար իրադրությունը
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 10-ին քննարկելու է Սիրիայի հումանիտար իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին առընթեր Վենեսուելայի ներկայացուցչությունում, երկիր, որը փետրվարին նախագահում է ԱԽ-ում:
Նիստը տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին եւ կանցկացվի փակ ռեժիմով: Կոնսուլտացիաները կկայանան Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի փետրվարի 11-ի հանդիպման նախօրյակին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 30 հազար մարդ է լքել Հալեպը եւ Սիրիայի հյուսիսի այլ քաղաքներ՝ «Սիրիայի կառավարության, դաշնակից ուժերի եւ զինված խմբերի բախումների պատճառով»: ՄԱԿ-ում նաեւ նշել են Դերաա հարավային նահանգի իրադրությունը, որտեղ «մարտերի ակտիվացումը հանգեցրել է հազարավոր մարդկանց տեղահանման, ինչպես նաեւ վիրավորների ու զոհերի խաղաղ բնակիչների շրջանում»: