TANAP եւ TAP նախագծերը ծանր բեռ են լինելու Ադրբեջանի բյուջեի համար. փորձագետ
International newsԱդրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով խոշոր նախագծերի ճակատագիրը հայտնվել է հարցականի տակ: Բազմաթիվ փորձագետներ հայտնում են, որ անգամ Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծերն ապագայում Ադրբեջանի համար կարող են ոչ թե եկամուտի, այլ բյուջեի համար լրացուցիչ ծանր բեռ դառնալ: Քանի որ երկրում առկա տնտեսական ճգնաժամային պայմանում Ադրբեջանը ստիպված կարող է վաճառել նախագծում իր մասնաբաժինը, ինչը լրացուցիչ խնդ իրներ կառաջացնի:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին musavat.com-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ նախագծերի հետ կապված` Ադրբեջանում արդեն տարբեր անհանգստացնող լուրեր են շրջանառվում:
«Ներկայում TANAP եւ TAP նախագծերի հետ կապված հետազոտություններ են անցկացվում, քանի որ դրանց տակ ստորագրելու ժամանակ Ադրբեջանի ֆինանսական եւ տնտեսական վիճակն ամբողջությամբ այլ էր», -ասել է նա:
Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանի ֆինանսական վիճակը, եկամուտները գնալով ընկնում են, իսկ այդ նախագծերում Ադրբեջանի մասնաբաժինը բավականին բարձր է. TANAP-ում այն 57 տոկոս է, TAP-ում` 20 տոկոս եւ «Շահդենիզ2»-ում` 20 տոկոս:
«Այս նախագծերի ֆինանսավորման համար առաջիկա 2-3 տարիներին Ադրբեջանը պետք է 16-18 մլրդ դոլար միջոց ծախսի: Դրա մի մասն արդեն ծախսվել է: Նավթի հիմնադրամը բյուջեից դուրս` առանձին 1 մլրդ դոլար է հատկացրել: Գնալով այդ գումարները առաջիկա 2-3 տարիներին պետք է ավելացվի: Իսկ դա ծանր բեռ է հանդիսանալու Ադրբեջանի ներկայիս ֆինանսական վիճակի վրա: Բացի այդ, երկու նախագծերի եկամտային հեռանկարը բավականին երկարաժամկետ է: «Շահդենիզ-2», TANAP եւ TAP նախագծերի շահագործման ժամկետը նախատեսված է 2020 թվականին: Ադրբեջանը 2020 թվականին կկարողանա Եվրոպային ընդամենը 1 0 մլրդ խոր.մ գազ վաճառել: Իսկ դա փոքր թիվ է եւ Ադրբեջանի դրած ներդրումների վերադարձի հետ խնդիր է ծագելու: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը 10-15 տարի աշխատելու է հետ բերել իր դրած միջոցները: Իսկ շահույթի մասին խոսելն ուղղակի անտեղի է լինելու: Խոսքը տաս եւ ավելի տարի ժամկետի մասին է»,- նշել է նա:
Փորձագետը կանխագուշակում է, որ նախագծերի ծանր բեռ դառնալու պատճառով Ադրբեջանը ստիպված է լինելու վաճառել իր մասնաբաժինները ամբողջությամբ, կամ մասնակի, կամ էլ պարտք վարկ վերցնել արտասահմանյան դոնորներից:
«Երկու տարբերակներն էլ Ադրբեջանի համար բացասական են: Եթե մենք մեր մասնաբաժինը վաճառենք, ապագայում այդ նախագծերում խոսքի իրավունք չենք ունենա: Պարտքն էլ, Ադրբեջանի ներկայիս վիճակի պատճառով, մեզ կտան ավելի մեծ տոկոսներով: Ապագայում ստացած եկամուտը ստիպված ենք լինելու տոկոս վճարել: Այսինքն, տարբեր տեսանկյուններով դիտարկելով ակնհայտ է դառնում, որ մոտ ժամանակում, մոտ տարիներին Ադրբեջանը խնդիրներ է ունենալու», -համոզմունք է հայտնել տնտեսագետը: