Brexit-ի դեպքում կտուժի թե ԵՄ-ն և թե ՄԲ-ն
International news2017թ-ը վճռորոշ կլինի թե Եվրամիության, և թե Մեծ Բրիտանիայի համար. արդյո՞ք կկիրառվի Brexit տերմինը (Միացյալ Թագավորության՝ Եվրամիությանն անդամակցության դադարեցում), թե ոչ, կորոշեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ իր երկիրը կմնա Եվրամիության կազմի մեջ այն դեպքում, եթե վերջինս կատարի մի շարք օրենսդրական բարեփոխումներ:
Ավելին, վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել ԵՄ-ից երկիր ժամանող միգրանտներին սոցիալական նպաստների վճարումները Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեից հետո։
Լոնդոնը Եվրամիությունից պահանջում է նաև չսահմանափակել եվրագոտու անդամ չհանդիսացող երկրների հետաքրքրությունները, բարձրացնել ազգային խորհրդարանների դերը և ԵՄ-ի բյուրոկրատական ապարատի կրճատման միջոցով ապահովել արագ տնտեսական աճ:
Եվրամիության պաշտոնյաները գիտակցելով իրավիճակի լրջությունը, փորձում են մեղմել հանգամանքները ու բազմաբնույթ հայտարարություններով են հանդես գալիս:
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության միասնականության պահպանումը ամենալուրջ մարտահրավերն է թե ԵՄ-ի, և թե իր համար:
Տուսկը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին բարեփոխումներ իրականացնել ազգային օրենսդրություններում. 4 տարվա բնակությունից հետո աշխատող ներգաղթյալներին ներառել սոցիալական վճարումների համակարգի մեջ:
Մի շարք հեղինակավոր պարբերականներ ու վերլուծաբաններ նշում են, որ Brexit-ի դեպքում երկու կողմերն էլ վնասներ կկրեն, սակայն պարզ չէ, թե որ կողմն ավելի շատ կտուժի:
Brexit-ի դեպքում Եվրոպայում Լոնդոնի հեղինակությունը անկում կապրի, ավելին Եվրոպայում ապրող ավելի քան 1.4 միլիոն բրիտանացիների, ինչպես նաև Բրիտանիայում բնակվող 2.5 միլիոն քաղաքացիների հարցն առաջ կգա, քանի որ վերջիններս ազատ տեղաշարժի իրավունք չեն ունենա:
Նաև կառաջանան տնտեսական խնդիրներ՝ ներկայումս բրիտանական արտաքին առևտրից ստացվող շահույթի կեսից ավելին գալիս է ԵՄ անդամ երկրներից:
Այսպիսով՝ թե Եվրամիություն, և թե Մեծ Բրիտանիան լուրջ մարտահրավերի առաջ են կանգնած:
Տիգրան Խանաղյան