Թուրք-իսրայելական բանակցություններում առաջընթաց է նկատվում. մամուլ
International newsԻսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գծով բանակցություններում առաջընթաց է նկատվում, սակայն մի շարք հարցեր դեռեւս չի հաջողվել կարգավորել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսրայելական մամուլը, հայտնել է հրեական պետության վարչապետի մամուլի քարտուղար Օֆիր Գենդելմանը:
«Թուրքիայի հետ բանակցություններում առաջընթաց կա, բայց մի շարք հարցեր դեռ չի հաջողվել կարգավորել: Դրանք պետք է քննարկվեն մոտ ապագայում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ», -ասել է Գենդելմանը: Այդ երկրի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ժնեւում ավարտվել են թուրք-իսրայելական բանակցությունները: Այդ բանակցություններում իսրայելական պատվիրակությունը գլխավորել է երկրի վարչապետի անձնական ներկայացուցիչ Յոսեֆ Չեխանովերը, իսկ թուրքական կողմինը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինրիլիօղլուն:
Թուրք-իսրայելական հարաբերությունները խզվել են 2011 թվականի մայիսին Գազայի հատված մարդասիրական օգնության նավաշարասյան կազմում թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո, երբ վերջինը չէր կատարել ստուգումների համար հրամանը եւ հարձակման էր ենթարկվել Իսրայելի զինված ուժերի կողմից: Միջադեպի հետեւանքով նավի վրա գտնվող 9 թուրք սպանվել էին: Թուրքիան Իսրայելից պահանջել էր պաշտոնապես ներողություն խնդրել եւ սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար փոխհատուցել, ինչը Թել Ավիվը մերժել էր` հիմնավորելով այն բանով, որ իսրայելական զինուժի գործողությունները միջազգային օրենքների սահմաններում են եղել: