Սահմանադրական բարեփոխումների արդյունքում քաղաքական համակարգը կդառնա ավելի ճկուն. Սերժ Սարգսյան
PoliticsՍահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներիի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այն կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար:
Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ»,- ասել է Նախագահը:
Նրա խոսքով` քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նախագահն ընդգծել է, որ նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդ ավարական երկրներում:
Նախագահ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների իրականացման այս փուլում կարևոր է համարում ապագայի մասին պատկերացումները ևս մեկ անգամ բարձրաձայնելը:
«Եվս մեկ անգամ հնչեցնենք մեր գաղափարները: Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար:
Միգուցե նորություն ասած չեմ լինի, միգուցե կրկնվեմ, բայց հատկապես այս փուլում մեկ անգամ ևս ամրագրելը պարտադիր եմ համարում, որպեսզի վաղը, մյուս օրը տարբեր մեկնաբանություններ չլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը: