ՀՀ-ն պետք է ակտիվացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ
PoliticsՀայաստանի և Չեխիայի արտաքին տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Թեև մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը ամեն տարի աճ է արձանագրում, այդուհանդերձ՝ այն դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ:
2015թ.-ի ընթացքում Չեխիայի Հանրապետության հետ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21,6 մլն դոլար, ինչը կազմում է մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության 0,5 տոկոսը: Հայաստանի Հանրապետության հետ արտաքին առևտրի ծավալով Չեխիան ԵՄ երկրների ցանկում միջին դիրք է զբաղեցնում: Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներից Գերմանիայի հետ մեր երկրի առևտրի ծավալը կազմում է 347 մլն դոլար, Իտալիայի հետ՝ 197,4 մլն դոլար, իսկ օրինակ Դանիայի հետ՝ ընդամենը 8 մլն դոլար:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրի կառուցվածքին, ապա պետք է նշել, որ դեպի Չեխիա մեր արտահանումը կազմում է մոտ 1,7 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման ընդամենը 0.1 տոկոսը, իսկ ներմուծումը՝ 19,9 մլն դոլար կամ ընդանուր ներմուծման 0.6 տոկոսը: Ինչպես կարելի է եզրակացնել այս թվերից, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները չի կարելի խորը համարել և անհրաժեշտ նախադրյալներ են անհրաժեշտ երկկողմ գործարար կապերի հաստատման համար: Այդ իմաստով Երևանում փետրվարի 11-ին մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կարող է անհրաժեշտ լիցք հաղորդել երկու երկրների տնտեսական համագործակցության խորացմանը:
Առհասարակ երկկողմ գործարար համաժողովները էական նշանակություն ունեն նոր բիզնես գաղափարների քննարկման, դրանց կյանքի կոչելու ճանապարհների ուրվագծման առումով: Նման համաժողովները նպաստում են երկրների գործարարների միջև կապերի հաստատմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Չեխիայի հետ տնտեսական կապերի զարգացումը կարևոր է մեզ համար արտաքին առևտրի դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մտնելու հնարավորության առումով: Բացի այդ, տնտեսական կապերի ամրապնդումը հնարավորություն կտա չեխական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում տարաբնույթ ներդրումային նախագծեր իրականացնել: Այս տեսանկյունից առավել էական է դառնում ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքումը, որի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ մեր երկրները նախնական պատրաստակամություն են հայտնել:
Հայաստանը պետք է ակտիվացնի Եվրամիության անդամ երկրների հետ տնտեսական կապերի սերտացումը և փորձի կապող օղակ դառնալ Եվրասիական տնտեսական տարածքի և Եվամիության միջև: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Իրանի նկատմամաբ պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված մեր դերակատարումը ևս տարածաշրջանային տնտեսական գործընթացներում կարող է զգալիորեն մեծանալ: Ուստի նմանօրինակ համաժողովներ, երկկողմ բանակցություններ ավելի շատ է պետք կազմակերպել և փորձել տնտեսական համագործակցությունը խորացնել այն բոլոր ուղղություններով, որտեղ զարգացման պոտենցիալ ունենք: