ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերը ներդրում չունեցան
PoliticsՓետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում: Ընտրական գործընթացն իրականացել է առանց լուրջ խախտումների:
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Երևանի մամուլիակումբի ծրագրերի ղեկավար, ՏԻՄ ընտրություններին դիտորդական խմբի համակրգող Հայկակ Արշամյանը: «ՏԻՄ ընտրություններին հանրային վերահսկողությունը ապահովելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանասավորմամբ Հայաստանում աշխատում էր «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագիրը»,- ավելացրեց նա՝ նշելով, սակայն, որ Թումանյան քաղաքում հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի թեկնածուի տեղակալն էր, համայնքի ղեկավարի թեկնածուն քաղաքապետն էր, ինչը խոսում է շահերի բախման մասին: Բացի այդ` համայնքի ղեկավարի թեկնածուի վստահված անձը, ով աշխատում էր քաղաքապետարանում, դրել էր իր թեկնածությունը, ապա հանել:
«Թումանյանի համայնքում միջինը 56 %-ից ավելի մասնակցություն է ապահովվել, բայց լուրջ կուտակումներ չեն գրանցվել»,- ավելացրեց Արշամյանը: Ներկայացվածության մասին խոսելիս նա նշեց, որ ներկայացուցիչներից մի քանիսն անկուսակցական էին, հիմնական մասը ՀՀԿ-ից էին, մեկը ԲՀԿ-ից էր և ևս մեկը` ՀՅԴ-ից: Մասնագետի կարծիքով, ընդդիմադիր ուժերը ներդրում չեն ունենում տեղական ինքնակառավարման ընտրություններում, անտեսում են տեղական ինքնակառավարման համակարգի արժեքը:
«Իրավասու թեկնածուների կամ նրանց վստահված անձանց կողմից արդյունքերի կամ վերահաշվարկի հետ կապված դիմումներ ու բողոքներ չենք ստացել»,- նշեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Թումանյանի համայնքում միավորվել են 7, Տաթևում` 8 և Դիլիջանում` 7 համայնքներ:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը հայտնեց, որ Տաթևի համայնքի ընտրատարածքներում որոշակի դրական տեղաշարժ կա: «ՏԻՄ նկատմամբ հետաքրքրություն է առաջացել, մարդիկ փորձում են ներկայացուցչական մարմնում ունենալ իրենց կողմնակիցը, ով կպաշտպանի իրենց շահերը»,- նշեց նա: Աբրահամյանն ասաց, որ մասնակցության տոկոսը բարձր էր. եթե նախկինում մարդիկ գալիս էին միայն կողմ քվեարկելու, ապա այս անգամ բոլորը փորձում էին իրենց կարծիքը հայտնել և ընտրություն կատարել:
Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանը տեսազանգի միջոցով փոխանցեց, որ գրանցվել է դրական արդյունք: «Սյունիքում ընտրություններն ընթացել են արդար և թափանցիկ, իսկ թեկնածուները պայքարել են մինչև վերջին օրը, թեպետ պլանավորում էին միավորվել»,- նշեց Շահնազարյանը: