Էրդողանն ու Ալիեւը կհանդիպեն Բաքվում
International newsԱդրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, որ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստը, որին պետք է մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ որը փետրվարի 18-ին պետք է տեղի ունենար Գյանջայում, կանցկացվի Բաքվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, դեսպանատունը փոփոխությունը բացատրել է Գյանջայում «եղանակային անբարենպաստ պայմաններով»:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ժամանել է Գյանջա` տեղում ստուգելու Էրդողանի այցին նախապատրաստական աշխատանքները:
Սակայն, ինչպես երեւում է` Ալիեւը դժգոհ է մնացել Գյանջայում կատարված այդ աշխատանքներից եւ նա որոշել է Էրդողանին ընդունել Բաքվում:
Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ավստրիական Die Presse-ին երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտպանում է սիրիական հակամարտության լուծման մեջ Ռուսաստանի դիրքորոշումը եւ դրանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դերը:
«Նախագահ Բաշար Ասադը հանդիսանում է Սիրիայի անվտանգության եւ տարածքային ամբողջականության միակ երաշխավորը: Նրա բանակը հանդիսանում է իրավական ինստիտուտ: Մենք ողջունում ենք քաղաքական գործընթացը, որի դեպքում Ասադը կմնար իշխանության մեջ մինչեւ նրան փոխարինողի ընտրությունները», -նշել է նա` ընդգծելով, որ Ադրբեջանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը:
Ադրբեջանում որոշ քաղաքական շրջանակներ երկրի փոխարտգործնախարարի այդ հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված գործողություն են բնութագրել: