Իրանի պատվիրակությունն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն
International newsՀայաստանի եւ Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն այսօր այցելեց «Լիկվոր» դեղագործական ընկերություն:
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի եւ դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության արտադրական ծավալներին:
Նշվեց, որ Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը մեր արտադրողներին առաջին հերթին հնարավորություն է տալիս խթանել արտադրության զարգացումը, ինչպես նաեւ ընդլայնել արտադրանքների իրացման ծավալներն ու աշխարհագրությունը:
GMP հավաստագրի ստացումը «Լիկվոր» ընկերությանը թույլ տվեց մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով: Ընկերությունն արտահանում է արտադրանքի 70 տոկոսը:
Իրանից ժամանած պատվիրակության անդամներն պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Հայաստանի հետ նաեւ դեղագործության ոլորտում:
Կարեւորվեց համագործակցության սերտացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը: Իրանական կողմն իր գոհունակությունը հայտնեց մեր երկրում դեղերի որակի վերահսկումից եւ արտահանման հնարավորություններից: