Սիրիայի հակամարտության կարգավորման խաղաթուղթը Ռուսաստանի ձեռքում է
International newsՎերջին ժամանակաշրջանում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում Սիրիական ճգնաժամը, որը Մյունխենյան համաժողովի հիմնաքարը դարձավ: Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը կենսական կարևորություն է ներկայացնում գերտերությունների համար, ովքեր սեփական շահերի գերակայությունը ապահովելու համար հսկայական ներուժ և գումարներ են վատնում:
Ուշագրավ է, որ համաժողովից դեռ օրեր առաջ ԶԼՄ-ներում Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ տեղեկատվություն էր շրջանառվում:
Հեղինակավոր Reuters պարբերականը հաղորդում էր, որ Ռուսաստանը Սիրիայում մարտի 1-ից հրադադարի ռեժիմ հաստատելու առաջարկով է ներկայանալու։ Euronews-ը համանման տեղեկություն ուներ ԱՄՆ-ի վերաբերյալ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց մամուլում ավելի վաղ շրջանառվող այն տեղեկությունը, որ Սիրիայում զինադադար կհաստատվի փետրվարի 15-ից՝ նախևառաջ կառավարական ուժերի և ընդդիմության համաձայնության դեպքում:
Բանակցություններին մասնակցող կողմերը եկան համաձայնության, ըստ որի մեկ շաբաթում Սիրիայում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և անմիջապես պետք է մարդասիրական օգնություն հասցվի այն քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են մնացել: Ենթադրվող հաշտությունը չի վերաբերի միայն «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» և մյուս ահաբեկչական զինված խմբավորումներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնեց, որ մտավախություններ ունի, որ դժվար կլինի այդ նպատակներին հասելը: «Սա ամբիցիոզ խնդիր է: Գլխավոր հարցն այն է՝ արդյոք բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է նա: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սիրիայում պատերազմը անհնար է դադարեցնել, քանի դեռ երկրի նախագահ Բաշար Ասադը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:
Բանակցությունների առնչությամբ հետաքրքրաշարժ է միջազգային մամուլի արձագանքը: Telegraph պարբերականը գրում է. «Խոշոր տերությունները Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսել դեռ վաղ է»:
Wall Street Journal պարբերականը «Սիրիայում Պուտինի հաղթանակը» խորագրի ներքո գրում է, որ չնայած ամերիկյան կանխատեսումներին, Ռուսաստանը առավել ամրապնդեց իր քաղաքական գերակայությունը տարածաշրջանում:
Իսկ Independent պարբերականը «Սիրիական հակամարտությունում հաղթողներն ու պարտվողներն արդեն ակնհայտ են» խորագրի ներքո գրում է, որ Ռուսաստանը որոշիչ դերակատար է Սիրիական հակամարտության հանգուցալուծման հարցում: «Եթե մի քանի ամիս առաջ քննադատները հայտնում էին, որ Մոսկվան կփոշմանի պատերազմի մեջ ներքաշվելու համար, ապա ներկայումս ոչ ոք չի կասկածում, որ հենց Ռուսաստանը դարձավ կենտրոնական դերակատարը պատերազմի ելքի սահմանման հարցում»,-գրում է Independent-ը:
Ռուսաստանի՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում գերակայության մասին խոստովանում են նաև ԵՄ անդամ պետություների պաշտնոյաները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից:
Նարինե Մեհրաբյան