Հայաստանն ու Բելառուսը խորացնում են հարաբերությունները մի շարք ոլորտներում
PoliticsԵրևանում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը: Դրա ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն ստորագրել են նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը: Արմենպրեսի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, նախարարները խոսել են արդյունաբերության տարբեր ճյուղերի, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակույթի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գիտատեխնիկական, արտակարգ իրավիճակների և տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին:
Նիստի արդյունքում ստորագրվել է ևս մեկ փաստաթուղթ. ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: