Վահան Բաբայանը կլքի՞ ԲՀԿ-ն
PoliticsԱյսօր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Facebook-յան իր էջում հայտարարել էր, որ սեփական կամքով հրաժարվում է իր վրա դրված պարտականություններից: Այսօր լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանը ասաց, որ իր հրաժարականի վերաբերյալ փակագծեր չի կարող դեռեւս բացել:
«Այս պահին ես պատրաստ չեմ փակագծերը շատ բացել, որովհետեւ որոշումս վերաբերում է ներկուսակցական խնդիրներին են, եւ ես սովորություն չունեմ այդ խնդիրները հրապարակային դարձնել: Իհարկե` եղել են պատճառներ, խնդիրներ, որի մասին ավելի ուշ կխոսեմ»,- ասաց Բաբայանը:
Orer.am-ի այն դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից հրաժարվելով` Վահան Բաբայանը կարող է ավելի անկաշկանդ գործել, ԲՀԿ նախկին խոսնակը պատասխանեց. «Ես որոշել եմ չլինել ԲՀԿ մամուլի խոսնակ: Որոշումներից մեկը, որ դրդել է ինձ նման որոշման այն է, որ ես ավելի ազատ կարտահայտեմ իմ կարծիքը, որը լինելու է կոնկրետ որպես Վահան Բաբայան պատգամավորի պատասխան, այլ ոչ թե` մամուլի խոսնակի, այսինքն` դա կարող եք ֆիքսել, բայց մնացած առումներով կխոսենք հետո»:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ պարոն Բաբայանը ԲՀԿ-ից եւս դուրս գա, նա պատասխանեց. «Վերջ, այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանում»:
Նկատենք, որ Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայատան» կուսակցությունից դուրս գալու մասին տեսակետը չհերքեց:
Սոսե Չանդոյան