Չոբանի աչքին ամենուր նախիր է երևում
AnalysisՊատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» է նվանել: Դա չի նշանակում, որ լրագրողները «նախիր» են, այլ նշանակում է, որ, միգուցե, պատգամավորը մտքերով խառն է եղել և այդ պահին նախիր է պատկերացրել: Ամեն ինչ հնարավոր է, որովհետև շատ դժվար է պատկերացնելը, թե ինչ կարող է կատարվել այն մարդու մտքում, ով իրեն թույլ է տալիս նման արտահայտություն անել:
Լրագրողները, իհարկե, չեն լռի: Պատարստվում են բողոքի ակցիա իրականացնել, պահանջել, որ հարցը մտնի էթիկայի հանձնաժողով, բայց կարծում եմ, որ ամեն ինչ կարող է դրանով չավարտվել, քանին որ սա շատ հարմար հնարավորություն է ևս մեկ բռի ու անկիրթ պատգամավորից ազատվելու համար: Ասում են չէ՞, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նաև աստիճանաբար ազատել իշխանությունը օլիգարխներից ու կիսաքրեական տարրերից: Ահա և հնարավորություն ևս մեկին արանքից հանելու համար, մնում է տեսնենք՝ իշխանությունները կօգտնվե՞ն այդ հնարավորությունից, թե՞՝ ոչ:
Իսկ ընդհանրապես նախիրը կովերի խումբն է, որն ունենում է նախրապան, ժողովրդական լեզվով՝ չոբան: Չոբանը իրականում շատ լավ, հարգանքի արժանի ու օգտակար մասնագիտություն է, բայց բացի «չոբան» մասնագիտությունից կան նաև «չոբան» տեսակ և այդ տեսակի առանձնահատկությունն այն է, որ որքան էլ քաղաքակիրթ միջավայրում նրանք հայտնվեն, միևնույն է, նրանց աչքին միշտ և ամենուր նախիր է երևում: Նրանց տեսածը «նախիրն» է. նրանք սովոր են դրան, նրանք դա են ցանկանում տեսնել, նրանց հնարավորությունները այդքանն են, ավելիին նրանք ընդունակ չեն:
Անդրանիկ Բարսեղյան