Սահակյանը բնական է համարում Զուրաբյանի քննադատությունը նորընտիր ՄԻՊ-ի վերաբերյալ
PoliticsԵրեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր ելույթում փորձեց հնարավորինս պիտակավորել, ինչ որ տեղ նաեւ վիրավորել նորընտիր ՄԻՊ Արման Թաթոյանին: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ՀԱԿ որեւէ անդամ չի համագործակցելու Ա. Թաթոյանի հետ:
Որպես պատճառաբանություն Լ. Զուրաբյանն առաջ քաշեց իշխանության կողմից ՄԻՊ-ի առաջադրված լինելու հանգամանքը. «Դուք դրածո եք եւ կատարելու եք նախագահի հրամանները »: Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ եւս ընդդիմությունը «առուն չթռած՝ հոպ է ասում »:
Ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչեցված կարծիքի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ. «Բնական է, որ ընդդիմությունը պետք է փորձի ելույթ ունենալ, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ նրանք կառուցողական մտքեր հայտնեին: Վստահության քվե պետք է տալ, որ մարդու իրավունքների պաշտպանն ավելի մեծ պարտավորվածություն զգա եւ կարողանա իր իրավունքներն իրացնել»,- ասաց պարոն Սահակյանը: Նա նաեւ հիշեցրեց իր ելույթը. «Ես իմ ելույթում նշեցի, որ այնպսի տպավորություն է, որ եթե այս ելույթի փոխարեն այլ հարց դնեին, միեւնույն է` ընդդիմության կողմից նույն ելույթներն էին լինելու եւ, իհարկե, նույն պիտակավորումները ու շեշտադրումները: Արդեն ժամանակն է, որ մենք տարբերակենք հարցերը եւ հարցերի վերաբերյալ նաեւ շեշտադրումները»:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ ընդգծեց, որ գնալով ընդդիմության ելույթները ավելի թեժ են լինելու, իսկ ՀՀԿ–ին այս պարագայում պարզապես համակերպվել է պետք. «Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ որքան մոտենում է նախընտրական ժամանակաշրջանը, այդքան շատ ենք ականատեսը լինելու նմանատիպ ելույթների: Համենայն դեպս` նման ելույթների պակաս հաստատ չենք զգալու: Հետեւաբար` ես կարոuծում եմ, որ քաղաքական առումով` դա նորմալ է, սակայն կառուցողական եւ պետական հետագա գործընթացների առումով՝ ոչ»,- եզրափակեց Սահակյանը:
Սոսե Չանդոյան