Այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կստորագրվի քաղաքական հուշագիր
PoliticsՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի առաջիկա ժամերի ընթացքում, եւ երբ բովանդակությունը հրապարակվի, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Այն հարցին, թե արդյո՞ք մարզպետերի հետ կապված հարցեր էլ են հստակեցվելու, Ռուստամյանը պատասխանեց. «Չի մնալու ձեր կողմից բարձրացվող մի հարց, որը կմնա անպատասխան: Ամեն ինչ հրապարակային է լինելու: Ձեզ էլ խնդրելու ենք, որպեսզի հետեւեք, որ այն, ինչ համաձայնեցրել ենք, իրականություն դառնա, եւ դուք էլ ընկալեք ու ստիպեք, որ համագործակցող կողմերն իրականություն դարձնեն ամեն ինչ»,- նշեց նա:
Պատասխանելով նաեւ այն հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ էին այս ընթացքում տարակարծությունները, Ռուստամյանը պատասխանեց. «Հարցերի շատ մեծ փաթեթ է, որոնք ապագային են ուղղված` մեր ներքին եւ արտաքին բոլոր ոլորտներին վերաբերող: Այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնելու: Այդպիսի հարց չկա, որ դուրս մնա այդ համագործակցության տեսադաշտից»:
Ռուստամյանը նշեց նաեւ, որ դեռեւս չի քննարկվել այն հարցը, թե Արծվիկ Միանսյանին ով է փոխարինելու խորհրդարանում: Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ այդ հարցի առնչությամբ լուրջ խմորումներ են, արձագանքեց, թե ինքն անհանգստացած է մամուլի վիճակով: «Եկեք վերլուծենք` այս երկու ամիսների ընթացքում ինչ է կատարվում: Ինչ ասես` մոգոնվեց: Այնքան սուտ, ու ոմանք էլ այնպիսի զառանցանքներ են այս երկու ամսում տարածել, որ ես սարսափում եմ: Ամոթ չե՞ն անելու այն մարդիկ, որ այդ աստիճանի ստեր են խոսել: Պետք չէ այս աստիճանի աղավաղել վիճակը. մոգոնել հարցեր, հետո գալ, հարցնել` էս ինչը բան ա ասել, մեկնաբանեք: Գնացեք, հենց իրենից էլ մեկնաբանություն ստացեք: «Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրներից իմացանք սենց...»: Ես էլ ասում եմ` եթե ես Դաշնակցությանն այդքան մոտ չեմ, ուրեմն գնացեք ավելի մոտ աղբյուր փնտրեք: Մոգոնվում է: Այստեղ այդպիսի բան չկա»,- ասաց նա:
Հարցին, թե խմբակցությունում նախատոնական տրամադրություննե՞ր են, Ռուստամյանը պատասխանեց. «Իսկ դուք այստեղ փուչիկներ տեսնո՞ւմ եք, տոն կա՞»: Նրա խոսքով` ստորագրվող փաստաթուղթն աշխարհին վերաբերող բոլոր հարցերը չի ներառելու, բայց չորս-հինգ էջի սահմաններում գրված են կարեւորագույն հարցերը, որոնք իրենց բավարարում են` համագործակցություն իրականացնելու համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ ամեն ինչ փոխզիջումներով է լինում: Անդրադառնալով այն լուրերին, թե ՀՅԴ դրսի կառույցներն առաջիկա համագործակցությանը դեմ են, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ դրսի կառույցները եւս նորմալ են վերաբերվում այս համագործակցությանը: «Լավ էր, Աստված տվեց ես այդ օրերին, երբ այս հարցը քննարկվում էր, ԱՄՆ-ում էի, որտեղ, իբրեւ թե, ըմբոստություն էր: Ես այնտեղ այս ամեն ինչի մասին խոսել եմ 3 հազար հոգանոց դահլիճի առջեւ, եւ բոլորը ծափահարում էին»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` այս համագործակցությունն անժամկետ է, հեռանկարին միտված խնդիր է: