Դավութօղլուն Սիրիայում զինադադարը Անկարայի համար պարտադիր չի համարում
International newsՍիրիայում զինադադարը Թուրքիայի համար պարտադիր չի հանդիսանում, եւ նրա անվտանգությանը սպառնալիքի դեպքում Անկարան թույլտվություն չի հարցնելու, այլ անելու է «այն, ինչ պետք է»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` Կոնիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից երկուշաբթի արված համատեղ հայտարարության համաձայն` փետրվարի 27-ից Սիրիայում պետք է զինադադար սկսվի կառավարական զորքերի եւ ընդդիմության զինված խմբավորումների միջեւ, իսկ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ու այլ ահաբեկչական կազմավորումնների դեմ գրոհները կշարունակվեն:
«Այդ զինադադարը վավերական է Սիրիայի համար, նրա սահմաններում գտնվող կողմերի համար: Ցանկացած կողմից մեր ազգային անվտանգությանը սպառնալիք ծագելու դեպքում, տվյալ զինդադարը մեզ վրա պարտավորություններ չի դնում: Նման իրավիճակում Թուրքիան ոչ մեկից թույլտվություն չի հարցնի, այլ կանի այն, ինչ պետք է: Որովհետեւ այս պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի շրջանակներից եւ դառնում է Թուրքիայի խնդիրը», -ասել է Դավութօղլուն:
ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գծով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը «Մերձավոր Արեւելք. բռնությունից ավնտանգություն» համաժողովում այսօր հայտարարել է, որ մինչեւ փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող կողմերը պետք է ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին հաստատեն կրակի դադարեցմանն իրենց համախոհությունը:
«Ռուսաստանյան եւ ամերիկյան զինվորականները քարտեզի վրա համատեղ կորոշեն այն տարածքները, որոնցում գործում են նման խմբավորումները: Նրանց դեմ Սիրիայի զինված ուժերը, ռուսաստանյան օդուժն ու ԱՄՆ-ի կոալիցիան գործողություններ չեն իրականացնի», -ասել է նա` հավելելով, որ մնացած բոլոր զինված խմբերի դեմ, որոնք չեն ենթարկվի զինդադարի որոշմանը, կենթարկվեն վերացնող ռմբակոծությունների: