ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Աֆղանստանին՝ ձևավորել ազգային միասնության կառավարություն
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Աֆղանստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումը, որոնց համաձայն՝ հաղթանակ է տարել Աշրաֆ Ղանի Ահմադզայը, բայց երկրին նախազգուշացրել է նրա առջև ծառացած «լուրջ մարտահրավերների» մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նոր կառավարությունը կբախվի լուրջ մարտահրավերների, և ես կոչ եմ անում նորընտիր նախագահին, գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային, ինչպես նաև Աֆղանստանի բոլոր քաղաքական գործիչներին՝ արագորեն կազմել ազգային միասնության կառավարություն»,-նշվում է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Պան Գի Մունն ասել է, որ ընտրությունների պաշտոնական ավարտը, ինչպես նաև ազգային միասնության կառավարություն ձևավորելու շուրջ թեկնածուների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «երկրի առջև ճանապարհ է բացում դեպի առավել կայուն ու բարգավաճ ապագա»:
Դեռ մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը թեկնածուները համաձայնություն են կնքել իշխանական լիազորությունների բաժանման շուրջ, որին համապատասխան՝ Աշրաֆ Ղանի Ահմադզայն զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը: Իր հերթին նրա մրցակիցը՝ արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան, կգլխավորի գործադիր իշխանությունը և փաստորեն կդառնա վարչապետ:
Վերջին իրադարձությունների հետ մեծ հույսեր են կապել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սեպտեմբերի 21-ին մամուլի համար ընդունված հայտարարության մեջ նրա անդամները «հավաստել են Աֆղանստանին աջակցելու վճռականությունը խաղաղության, միասնության, ժողովրդավարության ու զարգացման տանող ճանապարհին»: Նրանք կոչ են արել Աֆղանստանի նոր կառավարությանը՝ «արդյունավետ լուծել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները», այդ թվում՝ անվտանգության ու պետական կառավարման ոլորտում, մարդու իրավունքների բնագավառում, ինչպես նաև կոռուպցիայի ու թմրանյութերի արտադրության դեմ պայքարում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: