Սա ամեն ինչի սկիզբն է, մի´ շտապեք. Վահրամ Բաղդասարյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քննադատողներին եւ նրանց կողմից հնչեցված կարծիքներին: Լրագրողի այն նկատառմանը, թե ընդդիմադիրները ՀՀԿ-ՀՅԴ համագործացությունը որպես դատարկաբանություն են բնորոշում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Խնդրում եմ ձևակերպումների մեջ ավելի գրագետ լինել: Դա եղել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, և, բնականաբար, հնարավոր են տարբեր քննադատություններ: Դատարկախոսները պետք է նման ձևով վերաբերվեն ու ասեն, որ դատարկամտություն է, իսկ դուք` բոլորդ, համոզված եղեք, որ նոր Սահմանադրությունից բխող, ինչու չէ, նաև փետրվարի 12-ից հետո հանրապետության նախագահի ելույթից բխող դրույթների և դրանց իրագործման համար անխուսափելի է համագործակությունը, և պառլամենտական համակարգը ինքնըստինքյան ենթադրում է համագործակցություն: Այդ դատարկախոսներ էլ, որոնք դատարկություն են համարում, ինձ թվում է, տարիների ընթացքում պետք է համագործակցության գան, և այդ ժամանակ, խնդրում եմ, դուք հիշեցրեք այս մասին համագործակցության եկող այդ քաղաքական ուժերին: Համագործակցություն ասելով՝ լրագրողները միանգամից պորտֆելներ են հասկանում: Եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտված համագործակցություն պետք է լինի»,- ասաց նա:
Այն հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կուլիսների հետևում է համագործակցել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Օրինակ` ՄԻՊ-ը ՀՀԿ-ի թեկնածուն էր, հավաքեց 96 ձայն. հիմա եղե՞լ է համագործակցություն, թե՞՝ չի եղել: Իսկ հիմա մենք բացահայտ համագործակցություն ենք հայտարարել: Խորհրդարանական համակարգի ժամանակ մենք պետք է համագործակցենք և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, և՛ համագործակցող ուժերի հետ: Տարբեր ֆորմատներով մենք պետք համագործակցենք ոչ միայն պառլամենտական, այլ բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև` արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության հետ»,- նկատեց Բաղդասարյանը:
Այն տեսակետին, որ ԲՀԿ-ում իշխանական կուսակցության հետ համագործակցության առումով կան խնդիրներ, Վ. Բաղդասարյանը մեկնաբանեց. «Ինչպես տեսնում ենք՝ նրանց մի մասն ուզում է համագործակցել, մյուս մասը` ոչ»:
Հարցին, թե արդյո՞ք համագործակցություն ասելով նկատի ունեն նաև պաշտոնների հետ կապված հարցերը, պատգամավորը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել, բայց համագործակցում ենք»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ պաշտոններով համագործակցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քննարկումների արդյունքում իրենք եկել են այն գաղափարական մոտեցումներին, որ ընդհանուր ճանապարհ ունեն գնալու: Կգա ժամանակը, կգան այլ ուժեր, մենք չենք խուսափում նրանց հետ էլ համագործակցել ու ասում ենք, որ սա ամեն ինչի սկիզբն է, մի' շտապեք»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: