Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Բունդեսթագում հետ է կանչվել լրացուցիչ մշակման համար
PoliticsԳերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ին քննարկել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը, որը ներկայացվել էր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից։
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, բանաձևի վերաբերյալ քվեարկություն չի կայացել. որոշվել է հարցը լրացուցիչ քննարկել և քվեարկել մինչև ապրիլի 24-ը:
«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համաձայնել է հետ կանչել ներկայացված բանաձևը: Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կոալիցիայի պատգամավոր Շտեֆան Կաուֆմանն այս կապակցությամբ Թվիթերի իր էջում նշել է, որ Կանաչների կուսակցությունը համաձայնել է հետ վերցնել բանաձևը լրացուցիչ մշակման համար:
«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը և դրա համանախագահը նախկինում բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին: