Արմեն Ռուստամյանը հերքում է Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու համար ՀՀԿ հետ համագործակցելու խոսակցությունները
PoliticsԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հնչեցրած տեսակետին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու համար են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գնացել համագործակցության: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Ռուստամյանը նկատեց, որ զարմանալի է այն հանգամանքը, որ օտարելու մեջ մեղադրում են այն քաղաքական ուժերին, որո նք երկրորդ նախագահի հետ շփման շատ երկար տարիների պատմություն ունեն, իսկ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր Քոչարյանին դավաճան ու այլ ինչ անունով ասես որակել են: «Հիմա էլ նրանց դարձել են նրա պաշտպա՞նը: Իրենք ուզում են` Քոչարյանն անպայման գա՞: Իրենց ի՞նչ ցավն է, էդ ե՞րբ են ուզել, որ Քոչարյանը գա, մենք չենք իմացել: Մենք Քոչարյանի դեմ չենք եղել, մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք և մեր հայտնի յոթ կետերը քսան տարուց ավելի պաշտպանում ենք, և դա եղել է նաև Քոչարյանի ժամանակ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ դա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:
Ըստ Ռուստամյանի` եթե ՀՅԴ-ն իր գաղափարների պաշտպանն է, չի նշանակում, որ ինչ-որ մեկի դաշտն է փակում: «Մենք այսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք պարոն Քոչարյանի հետ, և եթե նա որոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա, որովհետև մենք դրա փորձն ունենք: Մենք միասին աշխատել ենք, և կարծում եմ, որ այդ տարիները մեր երկրի վատ պայմաններում վերելքի տարիներ են եղել: Եթե մենք գտել ենք գործընկեր, որի հետ հնարավոր է ամեն ինչը համաձայնեցնել, դա երկրորդ նախագահի դեմ չէ»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ ՀՅԴ-ին որպես գործիք կարող են օգտագործել, Ռուստամյանը պատասխանեց. «Ոչինչ, թող մեր ծրագրերն իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործեն: Մենք ինքներս ենք միջոց, մեր կուսակցությունը միջոց է մեր նպատակներին հասնելու համար: Դաշնակցությունն ինքնանպատակ չի ստեղծվել, ստեղծվել է հայ ժողովրդին և հայությանը ծառայելու համար»: