Մենք Արման Թաթոյանի հետ համագործակցության խնդիր չունենք. Զարուհի Փոստանջյան
PoliticsՕրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում կառուցողական աշխատանքներ իրականացնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նման հայտարարությունը պատճառաբանեց Ա. Թաթոյանի իրշխանության մարդը լինելու հանգամանքով: Նա ասել էր, որ Ա. Թաթոյանը պարզապես չի կարող դեմ գնալ իշխանություններին եւ ստիպված կատարելու է նրանց հրամանները, ուստի՝ նրա հետ լուրջ խնդիրների վերաբերյալ համագործակցելն անօգուտ աշխատանք է:
Orer.am-ը ՄԻՊ-ի հետ կառուցողական աշխատանքներ ծավալելու վերաբերյալ մեկնաբանություն ստացավ նաեւ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից. «Մենք Արման Թաթոյանի հետ համագործակցության խնդիր չունենք, ինքը մեզ հետ պետք է համագործակցի: Նա պետք է համագործակցի հանրության հետ, ոչ թե անձերի հետ: Տեսնենք, թե դա ինչպես կստացվի իր մոտ: Ես ՄԻՊ-ին միայն այս պահը չեմ վստահում»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան