Թուրքիայի ընդդիմությունն Էրդողանից ներողություն է պահանջում
International newsԹուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) պահանջել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ներողություն խնդրել Սահմանադրական դատարանի վերաբերյալ անհարգալից հայտարարություն անելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
ՀԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայն ասել է, որ իրենք ակնկալում են, որ Էրդողանը ժողովրդի առաջ ներողություն խնդրի օդանավակայանում ասած խոսքերի համար: «Անկախ նրանից, թե քանի տոկոս ձայներով ես ընտրվում, ինչ պաշտոն ես զբաղեցնում, Թուրքիայում բնակվող ցանկացած մարդ պատասխանատվություն և պարտավորություն ունի հարգելու երկրի սահմանադրությունը: Ոչ ոք դատարանի որոշումները չընդունելու, չհարմարվելու, չհարգելու իրավունք չունի»,- ընդգծել է Ալթայը՝ հավելելով, որ իրենք Սահմանադրական բարեփոխումների նպատակով բանակցային սեղանի շուրջ չեն վերադառնա, քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել ասածի համար: