Հայաստանում տաղանդավոր մարզիկներ կան, ում պետք է ճիշտ ուղու վրա դնել. Իրինա Ռոդնինա
SportՀայերի մեջ շատ տաղանդներ կան, տաղանդավոր մարզիկներ կան, որոնց պետք է ճիշտ ուղու վրա դնել: Այստեղ միշտ պակասել են պայմանները, հնարավորությունները, բայց մասնագետների խնդիր Հայաստանը չի ունեցել: Այս մասին փետրվարի 29-ին լրագրողների հետ հնադիպմանն ասաց եռակի օլիմպիական չեմպիոն, գեղասահքի աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան:
Lեգենդար գեղասահորդուհին ընդգծեց, որ օրինակ Ռուսաստանում հակառակ երեւույթն է նկատվում. այնտեղ պայմանները լավն են, բայց մասնագետների պակաս կա: Սակայն հիմա արդեն, երբ Երեւանում գործում է իր անվան գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցը, կարելի սպասել լուրջ փոփոխությունների:
«Հիմա արդեն ժամանակն է, որ Հայաստանը մեծ աշխատանք կատարի, տաղանդներ տա մեծ սպորտին: Ես երբեք չեմ կարող նայել սառույցի վրա սահող մարզիկին եւ ասել, որ նա օլիմպիական չեմպիոն կդառնա: Ես միայն կարող եմ ասել, թե նա ինչ տաղանդ ունի, ինչ հնարավորություններ ունի, որքան կարող է աճել: Հայ մարզիկների մեջ ես տեսնում եմ այդ տաղանդը, հնարավորությունը»,- ընդգծեց գեղասահորդուհին, ով հանդիպեց նաեւ մարզադպրոցի մարզչական անձնակազմի եւ մարզվող երեխաների հետ, հետեւեց, թե ինչպես են այնտեղ աշխատում երեխաները, մարզիչները, ինչպես է աշխատում մարզադպրոցը:
Նա նշեց նաեւ, որ անպայման հետեւելու է մարզադպրոցի աշխատանքներին, սառույցի վրա տարվող աշխատանքներին: Մարզչական խորհրդի հետ քննարկվել են նաեւ վարպետության դասընթացներ կազմակերպելու հարցը:
Նրա դիտարկմամբ՝ պետք է սահելու հնարավորություն տրվի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել, թեկուզ՝ ոչ պրոֆեսիոնալ, ուղղակի կանգնել չմուշկների վրա, սահել սառույցի վրա: Հետո նոր նրանց միջից ընտրել հեռանկարային գեղասահորդների: