ԱՄՆ-ում «գերերեքշաբթի» վճռվում է քվեատուների ձայների քառորդ մասի ճակատագիրը
International newsԱՄՆ-ում նախընտրական ընտրարշավի ներկուսակցական փուլը հանգուցային սահմանագծի է հասել: Այսպես կոչված «գերերեքշաբթի» ընտրողները 12 նահանգներում եւ Ամերիկյան Սամոայում կորոշեն, թե իրենց պատվիրակություններն ում են աջակցելու կառավարող Դեմոկրատական եւ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունների ամառային համագումարներում, տեղեկացն ում է Արմենպրեսը:
Ընտրյալները կդառնան կուսակցությունների փաստական առաջնորդներն ու ԱՄՆ-ի նախագահի նրանց թեկնածուները նոյեմբերյան համընդհանուր ընտրություններում:
Ներկայում այդ մրցարշավի անվիճելի ֆավորիտներն են՝ դեմոկրատների շրջանում՝ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ հանրապետականների ճամբարում՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Նրանք կանխապես չեն կարող «գերերեքշաբթիի» արդյունքում բացարձակապես անհասանելի դառնալ հետապնդողների համար, քանի որ այդ օրը վճռվելու է պատգամավորական մանդատների միայն քառորդ մասի ճակատագիրը: Սակայն ամերիկացի քաղաքագետների եւ մամուլի կարծիքով՝ հաջողության դեպքում նրանք այնպիսի դիրքի կհասնեն, որ նրանց հասնելը գրեթե անհնարին կդառնա:
Հանրապետական հավակնորդներ Դոնալդ Թրամփը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, թխամորթ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը եւ Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը՝ «գերերեքշաբթի» պայքարելու են ազգային համագումարի 595 պատվիրակների ձայների համար: Ամենամեծ «մրցանակները» Տեխասից են՝ 155 ձայն, Ջորջիայից՝ 76 ձայն, եւ Վիրջինիայից՝ 49 ձայն: Նահանգների մեծ մասում հանրապետական փրայմերիզներում գործում է «հաղթողն ստանում է ամբողջը» կանոնը: Կուսակցական «եզրափակիչում»՝ հուլիսի 18-21-ը Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքում կայանալիք համագումարում, վերջնական հաղթանակի համար հանրապետական հավակնորդին անհրաժեշտ է ապահովել 2472 պատվիրակներից 1237-ի աջակցությունը: «Գերերեքշաբթիից» առաջ Թրամփի օգտին կա 82 ձայն, Քրուզի օգտին՝ 17, Ռուբիոյի՝ 16, Քեյսիկի՝ 6, եւ Քարսոնի օգտին՝ 4 ձայն:
Դեմոկրատների շրջանում այդ օրը «կխաղարկվի» ազգային համագումարի պատվիրակների 2034 ձայն, համագումար, որը հուլիսի 25-28-ը տեղի կունենա Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Քվեատուների ձայների համար պայքարում են Հիլարի Քլինթոնը եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը:
Համագումարում ընդհանուր հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ կլինի ստանալ 4764 պատվիրակներից 2383-ի աջակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: