Թուրքիայում Էրդողան-սահմանադրական դատարան դիմակայություն է սկսվել
International newsԹուրքական «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարին եւ Էրդեմ Գյուլին ազատ արձակելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը պատճառ է դարձել իրեն այդ երկրի միանձնյա տիրակալ համարող նախագահ Թայիփ Էրդողանի եւ ՍԴ-ի միջեւ դիմակայության:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, պատասխանելով դատարանի վճռի նկատմամբ Էրդողանի թույլ տված անհարգալից արտահայտություններին, Թուրքիայի ՍԴ-ի նախագահ Զյուհթու Արսլանը հայտարարել է, որ դատարանի վճիռը պարտադիր տարածվում է բոլորի վրա:
«Ժողովրդավարական իրավական պետություն ասվածը հավասարապես տարածվում է ինչպես իրավական օրենքները կառավարողների, այնպես էլ կառավարողներին պահպանող պետության վրա», -ասել է Զյուհթու Արսլանը` հասկացնելով Էրդողանին, որ պետք է հարգել եւ կատարել դատարանի վճիռը:
Թուրքական ՍԴ-ի նախագահը նաեւ դատապարտել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած մամուլին, որը պաշտպանել էր Էրդողանի հայտարարությունը, ընդգծելով, որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխել դատարանի վճիռը:
Էրդողանը հայտարարել էր, որ «չի ճանաչում եւ չի հարգում» Ջան Դունդարին եւ Էրդեմ Գյուլին ազատ արձակելու մասին ՍԴ-ի վճիռը:
«Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Դունդարն ու Գյուլը տեսանյութ էին տարածել, որով ապացուցվում է Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջեւ սերտ համագործակցությունը:
Թուրքիայի ՍԴ-ի նկատմամբ Էրդողանի ցուցադրած անհարգալից վերաբերմունքը քննադատել է նաեւ թուրքական հասարակության առաջադեմ հատվածը:
Թուրքիայում մտավորականությունը հանդես է եկել Էրդողանի անմարդկային ռեժիմը դատապարտող հայտարարությամբ:
Թուրքական ԶԼՄ-ները տարածել են 67 թուրք մտավորականների ստորագրած` «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը կբերի աղետի» վերնագրով հայտարարությունը:
Նշվում է, որ այդ հայտարարությունն ուղղված է Թուրքիայում հաճախ կրկնվող մարդու իրավունքների խախտումներին մարդկանց ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաեւ խոսքի ազատության խնդրին:
Հայտարարության մեջ ասվում է, որ քրդական խնդրի լուծման համար Էրդողանի ռեժիմի կողմից անմարդկային մեթոդներ են կիրառվում, իսկ դրա դեմ բողոքող մարդիկ ձերբակալվում եւ մեղադրվում են նախագահին վիրավորելու մեջ: Նշվում է նաեւ, որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ KanaltՖrk եւ BugՖn TV մասնավոր հեռուստաալիքները եւ Millet Gazetesi թերթը, ինչպես նաեւ KanaltՖrk Radyo ռադիոկայանը, որոնք մտնում էին Koza-Ipek հոլդինգի կազմի մեջ, իշխանությունների կողմից փակվել են Թուրքիայում: