Էրդողանի օրերը հաշվված են. ամերիկացի հետազոտող
International newsԱմերիկացի գրող եւ հետազոտող Մայքլ Քոլինսը, վերլուծելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականությունը, սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG) հետ նրա դիմակայությունը եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահին մարտահրավեր նետած Էրդողանի օրերը հաշված են:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, OpEdNews.com կայքում հրապարակած հոդվածում Քոլինսը գրում է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ հաջողությամբ կռվող եւ ԱՄՆի կողմից աջակցվող YPG-ի դեմ թուրքական կառավարության գործողությունները որեւէ առնչություն չունեն ահաբեկչության հետ, այլ կապված են «վերին աստիճանի այլասերված Էրդողանի, նրա ընտանիքի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) մեջ նրա ընկերների» հետ:
«Էրդողանի եւ նրա ընկերների միակ վախը ձերբակալվելն է», -նշել է նա:
Քոլինսը գտնում է, որ բանտում հայտնվելուց ավելի շատ Էրդողանը վախենում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից:
«Էրդողանն աշխատում է Օբամայի համար եւ նրան կարող է հեռացնել միայն Օբաման: Թուրքիան Սիրիայի կառավարությանը տապալելու համար ջիհադականներին աջակցող ՆԱՏՕ-ի մի մասն է, իսկ ավելի ճիշտ` Սպիտակ տան կամավոր սպասավորը», -գրում է նա:
Նրա խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու քաղաքականությունն անհաջողության է մատնվել, եւ Արեւմուտքը լռելյայն աշխատում է հետ քաշվել, իսկ Օբամայի դեմ դիրքորոշում որդեգրած Էրդողանը մեծ ռիսկ է վերցրել:
«Սիրիայում 250 հազար մարդու կյանք խլած, միլիոնավոր մարդկանց փախստական դարձրած, բոլոր փոքրամասնություններին կոտորող ջիհադականներին իր հզոր աջակցությամբ եւ կեղտոտ համագործակցությամբ ԱՄՆ-ի հետ չհամագործակցող եւ Օբամային ծիծաղելի կերպով մարտահրավեր նետող Թուրքիան հայտնվել է մեծ ռիսկի առջև», -համոզմունք է հայտնում նա` հավելելով, որ նման իրավիճակում Էրդողանը լուրջ պատասխանատվություն կկրի:
«Իսկ դա նշանակում է, որ Էրդողանի օրերն այդ վարչակազմում արդեն հաշվված են», -ամփոփում է ամերիկացի հետազոտողը: