Լ. Յոլյանն արդեն հնարավորություն ունի բարիկադի այս կողմից ծանոթանալ համակարգի խնդիրներին
AnalysisԱյն, որ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը ծանր ժառանգություն է ստացել իր նախորդներից, երկու կարծիք լինել չի կարող: Ու չնայած, որ վարչապետի կողմից նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ նախկին նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն նշել էր, թե իր օրոք ինչ նոր ծրագրեր են կյանքի կոչվել, այնուամենայնիվ, դրանք հասարակության կողմից ընկալվեցին լոկ դատարկ խոսքեր, քանի որ ո´չ նախկինում, ո´չ էլ վերջին երկու տարիների ընթացքում այս կամ այն ծրագրի համար վարկեր վերցնելուց բացի, այլ «ձեռքբերումների» մասին մինչ օրս որևէ ակնառու փաստ չի արձանագրվել:
Ավելին, թեև 2016-ից արդեն երկու ամիս է անցել, բայց ոլորտի պատասխանատուների «անձնուրաց» աշխատանքի արդյունքում մինչ օրս դեռ չի հստակեցվել, թե օրինակ՝ ռուսական գազի գինը Հայաստանի համար որքան պետք է լինի կամ այն դոլարո՞վ, թե՞ ռուսական ռուբլով պետք է հաշվարկել:
Հիշեցնենք, որ Orer.am-ն ավելի վաղ գրել էր, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի պայմանագրի ժամկետը, իսկ նորը, պարզվում է, դեռ մինչ օրս չի կնքվել:
Ի դեպ, սա միակ խնդիրը չէ, որ կա ոլորտում: Սա այն եզակի ոլորտներից է, որտեղ խնդիրների պակաս չկա: Ու չնայած Վերահսկիչ պալատի նախկին փոխնախագահ, իսկ ներկայում՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի համար ինչ-որ չափով անակնկալ է եղել այդ պաշտոնում իր նշանակումը ու նա դեռ չի հասցրել խնդիրներին ամբողջությամբ ծանոթանալ, բայց լրագրողների հետ զրույցում խոստացել է, որ որոշ ժամանակից շատ թափանցիկ գործունեություն կծավալի և կաշխատի հրապարակային:
Բայց, մինչ այդ, հիշեցնենք, որ 2015 թվականին Վերահսկիչ պալատը նույն նախարարության կողմից իրականացվող մի քանի ծրագրերի գծով ուսումնասիրություններ է կատարել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Լ. Յոլյանն այնքան էլ անտեղյակ չէ ոլորտի բացթողումներին: Հիմա արդեն նա հնարավորություն ունի բարիկադի այս կողմից ծանոթանալ համակարգի խնդիրներին, ներքին անցուդարձին, բայց թե որքանով նրան կթույլատրեն իրականության մասին բարձրաձայն ու անկաշկանդ խոսել, դեռ պարզ չէ:
Այնուամենայնիվ, Լ. Յոլյանն այսուհետ ներկայանալով որպես ոլորտի առաջին դեմք՝ լավ գիտի, որ երկու ճանապարհ ունի՝ կա´մ անկեղծորեն ներկայացնել մինչ իր գալը թույլ տրված բացթողումները, վատնումներն ու չարաշահումները և դառնալ ընդունելի կերպար հասարակության կողմից, կա´մ էլ նախարարի պաշտոնում մնալու համար համաձայնել «մարսել» ուրիշների կերածը և շարունակել նախորդների կեցվածքը: Նրան լավ ճանաչողները վստահ են, որ նա կգնա առաջին ճանապարհով՝ թույլ չտալով, որ իր անունն արատավորվի, իսկ հոռետեսները կարծում են, որ նա կփորձի հնարավորինս չեզոք դիրք գրավել և չվնասել ո´չ իրեն, ո´չ էլ նախորդներին: Այնուամենայնիվ, դեռ վաղ է որևէ գնահատական հնչեցնելը, բայց, որ նորանշանակ նախարարը հայտնվել է հասարակության խոշորացույցի տակ, միանշանակ է, ուստի հուսանք, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի հասկանալ, թե ուր է գնում էներգետիկայի և բնական պաշարների «նավը»:
Արմինե Գրիգորյան