Մարտի կեսերին սպասվում է ԸՕ նախագծի հարցով միջազգային փորձագետների առաջին այցը Հայաստան
PoliticsԿառավարության կողմից հաստատված ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծից՝ ժամկետների սղության պատճառով աշխատանքները զուգահեռ կատարելու հետևանքով: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ մարտի կեսեր ին սպասվում է միջազգային փորձագետների առաջին այցը, որի ընթացքում նրանց կներկայացնեն այն փոփոխությունները, որոնք կատարվել են նախագիծն իրենց ուղարկելուց հետո: «Կարծում եմ՝ մենք կկատարենք նաև մեր աշխատանքի երկրորդ մասը՝ անընդհատ զուգահեռ աշխատելով և ներկայացնելով հանրությանը: Այսինքն, այս պահից սկսած մենք հանրությանը ներկայացնելու ենք ոչ միայն նախագիծը, այլև համեմատական տեսքով աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները, որպեսզի շահագրգիռ կողմը տեսնի, թե ինչ ընթա ցքով է գործընթացն ընթանում»,- ասաց Հարությունյանը:
Նախագիծն ընդունելուց առաջ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, հաշվի առնելով, որ նախագծի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է, իսկ ԱԺ օրակարգը բավականին ծանրաբեռնված է, առաջարկեց այն համարել անհետաձգելի, որպեսզի ԱԺ-ում օրակարգը սահմանելիս հերթականության առումով խնդիր չունենան և այն կարողանան պատշաճ ժամկետում քննարկել:
Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ անհետաձգելի համարելը կարող է սխալ ընկալվել գործընկերների կողմից: «Որպեսզի շատ պարզ դառնա, թե ինչ է առաջարկում պարոն Թովմասյանը, ես կառաջարկեի մեկ պարզաբանում: Այո, ճանաչել անհետաձգելի, բայց հիշեցնել, որ անհետաձգելին ենթադրում է ընդունման համար եռամսյա ժամկետ և որևէ մեկն արհեստականորեն չի արագացնելու գործընթացը, արհեստական քայլեր չի կատարելու, որովհետեև մենք իսկապես, հենց վաղվանից պետք է ձեռնամուխ լինենք մանրամասն քննարկումների»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հորդորեց իրենց կողմից ուղարկված առաջարկությունները ևս հաշվի առնել: Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ չի լինելու որևէ առաջարկություն, որն ուշադրության չի արժանանալու: