Ստամբուլում ոստիկանության շենքի վրա նռնակ նետած կանայք սպանվել են
International newsՍտամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանության բաժանմունքի շենքի վրա այսօր առավոտյան նռնակ նետած երկու կանայք իրավապահների կողմից սպանվել են:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նրանց նետած նռնակը չի պայթել: Ոստիկանությունն անմիջապես կրակ է բացել եւ նրանց միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Կանայք, որոնցից մեկը վիրավոր է եղել, դիմել են փախուստի եւ թաքնվել մոտակա շենքերից մեկում: Նրանք չեն արձագանքել ոստիկանությանը «հանձնվելու» հրահանգին: Փոխրաձգությունը շարունակվել է նաեւ այդտեղ: Կանանցից մեկը դարձյալ նռնակ է նետել` թեթեւ վիրավորելով երկու ոստիկանի:
Շենքի մոտ բերված հատուկ ջոկատայինները ներխուժել են շենք եւ սկսված փոխհրաձգության ընթացքում երկու կանայք սպանվել են:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը լրագրողներին հայտարարել է, որ հարձակումն իրագործած կանայք Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատ (DHKP/C) կազմակերպության անդամներ Չիյդեմ Յաքըշն ու Բեռնա Յըլմազն են:
Թուրքական yurtgazetesi.com.tr կայքն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվողները, որոնք ոստիկանական շենքի մոտ էին եկել առեւտրային գովազդով ավտոմեքենայով, երեք կանայք են եղել: Կանանցից մեկը` ենթադրաբար վիրավոր անմիջապես տաքսիով հեռացել է միջադեպի վայրից: Մյուս երկու կանայք դուրս են եկել ավտոմեքենայից եւ փախուստի դիմել: