Սիրիայում հրադադարի հաստատման համաձայնագրին միացել են ևս 18 խմբավորումներ
International newsՍիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցումը համակարգող ռուսաստանյան կենտրոնը, որը տեղակայված է «Հմեյմիմ» ավիաբազայում, վերջին օրերին մարտական գործողությունների դադարեցման հայտարարություններ է ստացել չափավոր ընդդիմության ջոկատների 18 հրամանատարների կողմից:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հրադադարի հաստատման համաձայնություն է հաստատվել ընդհանուր առմամբ 44 խմբավորման հետ:
Համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության՝ Դերաա նահանգում գործող 18 հրամանատարների հետ հաստատված համաձայնության արդյունքում հրադադարի գործողությունը տարածվել է նահանգի համանուն կենտրոնի ևս 9 թաղամասի վրա: Ներկայում նման համաձայնությունների հասնելու շուրջ բանակցություններ են ընթանում Դամասկոսում, Դերաայում և Հոմսում գործող հինգ այլ խմբավորումների ղեկավարների հետ:
Բացի այդ, ինչպես հաղորդվում է փաստաթղթում, ՌԴ-ի միջնորդությամբ վերջին օրերին հրադադարի հաստատման համաձայնություն է հաստատվել նաև Համա նահանգի Մարզաֆ բնակավայրի ներկայացուցիչների և Դամասկոսի նահանգի Ռուհեյբա բնակավայրը վերահսկող «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման անդամների հետ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: