Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների հետ
PoliticsԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանÕ ¨ եւ այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջեւ ծառացած խնդիրներին եւ հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ իրավապահ եւ ուժային համակարգերի գործունեության արդյունավետությունը կախված է ինչպես առանձին կառույցների աշխատանքից, այնպես էլ նրանց փոխգործակցության մակարդակից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, ինչը բոլոր կառույցների աշխատակիցներից պահանջում է արհեստավարժության համապատասխան մակարդակ, սկզբունքայնություն, իրենց վրա դրված պարտականությունների հստակ կատարում՝ հավելելով, որ հասարակությունը պետք է անընդունելի համարի ցանկացած հանցավոր դրսեւորում:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: