Ադրբեջանում արյուն հանձնողների 7-8 տոկոսի մոտ ինֆեկցիա է հայտնաբերվել
International newsԱնցյալ տարի Ադրբեջանում 75 184 արյուն հանձնողներից 7-8 տոկոսի մոտ տարբեր ինֆեկցիաներ են հայտնաբերվել
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արյան կենտրոնական բանկի գլխավոր բժիշկ Փարվանա Հաջիեւան:
Նա ասել է, որ ինֆեկցիաները հայտնաբերվել են դոնորների արյունը 4 հիվանդությունների` սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի , հեպատիտ C եւ B-ի առկայության հնարավորությունը ստուգելու ժամանակ:
Նրա խոսքով` Ադրբեջանում մեծ կարիք կա առաջին եւ երկրորդ խմբի արյան, քանի որ ամենաշատը արյան այդ խմբերով հիվանդներն են:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզաեւան հայտնել է, որ անցած տարվա հունիսի 1-ից մինչ այժմ ամուսնությունը գրանցելու ընթացքում ներկայացրած 107 500 երիտասարդներից 6 222 հոգու մոտ տալասեմիա (արյան անբուժելի հիվանդություն), 328 հոգու մոտ սիֆիլիս եւ 71-ի մոտ` մարդու իմունային անբավարարության վարակ` ՄԻԱՎ է հայտնաբերվել:
Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքանդեր Բագիրովի տվյալներով` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի պոտենցիալ կրողներ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել: