Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր դրույթներն էլ կարող են փոփոխությունների ենթարկվել. Հովհաննես Սահակյան
PoliticsԸնտրական օրենսգրքի ներկայացված նախագծում ամրագրված բոլոր դրույթները վերջնական չեն և կարող են ենթարկվել փոփոխությունների: Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Այս նախագիծը նախնական տարբերակն է: Ես վստահեցնում եմ, որ չկա մի հոդված, որը վերջնական է ու ենթակա չէ փոփոխությունների: Բոլոր խնդրահարույց հարցերը մենք կլսենք, և կարող են լինել փոփոխություններ: Մենք չենք պատրաստվում որևէ նորմ պաշտպանել հերոսի կեցվածքով: Մենք էլ ենք մարդիկ, կարող ենք սխալներ ունենալ, դրա համար մեզ համար կարևոր է նաև լսել կառուցողական առաջարկներ»,- նշեց Սահակյանը:
Անդրադառնալով նախագծում ամրագրված այն դրույթին, որ մի տեղամասում միաժամանակ կարող են լինել 8 լրագրող և դիտորդ՝ Սահակյանն ընդգծեց, որ դա էլ պետք է քննարկման առարկա դառնա: «Այդ հարցի հետ կապված էլ մեր դիրքորոշումը վերջնական չէ: Մենք պետք է լուրջ քննարկման առարկա դարձնենք այս հարցը: Ես էլ տեսնում եմ, որ այստեղ խնդիր կա: Պետք է լրացուցիչ քննարկենք, փորձենք այլ տարբերակներ գտնել: Պատրաստ ենք լսել ցանկացած ողջամիտ առաջարկ, որոնց արդյունքում կարող են լինել փոփոխություններ»,- ընդգծեց պատգամավորը: