Արգենտինայում հանցագործները մի ամբողջ քաղաք են թալանել
International newsԶինված հանցախումբն Արգենտինայում մի ամբողջ քաղաք է թալանել, ներառյալ` քաղաքապետարանը, բանկը, փոստը, դատարանը և նույնիսկ՝ ոստիկանական բաժանմունքը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի իշխանություններին:
Խոսքը Սանտա Ֆե նահանգում գտնվող Բեռնարդո դե Իրիգոեն փոքր քաղաքի մասին է, որի բնակչությունը կազմում է 1.800 մարդ:
Հանցագործները նախ ներկայացել են ոստիկանություն, որտեղ զինաթափել են և մեկուսացրել քիչ թվով ոստիկանների։ Այնուհետև նրանք այցելել են բոլոր այն վայրերը, որտեղ կարող էր գումար լինել:
«Նրանք տարել են իմ դրամապանակը»,- բողոքել է դատավոր Ռաուլ Բոնանսեան։
Ընդհանուր հանցագործները տարել են մոտ 16.000 դոլար, սակայն նրանց բախտը չի բերել, քանի որ վերջիններս սպասել են կենսաթոշակների վճարումներին՝ մոտ 65.000 դոլար, սակայն այդ պահին գումարը դեռ փոստում չի եղել:
Քաղաքի բնակիչներն ահազանգ են հնչեցրել հանցագործների փախուստից հետո: Կազմակերպված ոստիկանական հետապնդումը նրանցից մեկի կյանքն է արժեցել, սակայն 3 հանցագործների հաջողվել է թաքնվել՝ գողոնի հետ միասին։