Ստամբուլի ոստիկանությունը ցրել է Zaman պարբերականի համախոհներին
International newsԹուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով ցրել է Ստամբուլում գտնվող թուրքական Zaman թերթի խմբագրության մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց: Ուրբաթ օրը, առանց որևէ մեկնաբանությունների, տեղի իշխանությունները թերթի խմբագրակազմի աշխատանքները վերահսկող արտաքին ադմինիստրատիվ խումբ են ձևավորել և ուղարկել Zaman: Մի քանի ժամ անց ոստիկանները սկսել են խուզարկել թերթի խմբագրությունը: Թերթի աշխատակիցների տեղեկացմամբ՝ իշխանության կողմից ուղարկված անձինք սպառնացել են առգրավել Zaman-ի ողջ գույքը:
Հայտնի է, որ խմբագրությունը կապված է «Հիզմեթ» հակակառավարական կազմակերպության հետ, որի հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենն է: Գյուլենը նախկինում համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցը, սակայն հետագայում նրանց հարաբերությունները սրվեցին: Ներկայում Էրդողանը Գյուլենին դավաճան է համարում:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն արդեն հասցրել է քննադատության ենթարկել Թուրքիայի իշխանությունների այս քայլը: Ի դեպ, Zaman թերթը, որը հիմնադրվել է 1986 թվականին, Թուրքիայից բացի, մեծ տարածում ունի մի շարք խոշոր երկրներում, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում և համարվում է թուրքական լրատվամիջոցներից ամենաազդեցիկը: Ա.Գ.