Zaman թերթի դեմ Անկարայի գործողությունները կքննարկվեն ԵՄ-Թուրքիայի վեհաժողովում
International newsԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Zaman ընդդիմադիր թերթի դեմ թուրքական իշխանությունների ուժային գործողությունները կլինեն Բրյուսելում մարտի 7-ին բացվող ԵՄ-Թուրքիա վեհաժողովի օրակարգում:
«Zaman թերթի գրավումը Թուրքիայում ազատ մամուլի վրա իրականացված ևս մեկ հարձակում է: Ես մտադիր եմ բարձրացնել այդ մասին հարցը երկուշաբթի օրը»,- գրել է Շուլցը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ մտահոգված է թուրքական Zaman թերթի շուրջ ծավալված իրավիճակով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի 6-րդ քրեական դատարանը, քաղաքի դատախազության ներկայացրած դիմումի հիման վրա, հոգաբարձուներ է նշանակել լրատվամիջոցի կառավարումը ստանձնելու համար:
«Այսօր Թուրքիայում մենք ականատես ենք լինում մամուլի ազատության ամոթալի օրվան: Մեր լրատվական հաստատությունները խլում են»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիրը:
Ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ուրբաթ երեկոյան ցրել է խմբագրության մոտ հավաքված ինքնաբուխ հավաքը, որի համար հավաքվել էին Zaman-ի հարյուրավոր ընթերցողներ: Դրանից հետո ոստիկանները ներխուժել են խմբագրության շենք՝ այնտեղից դուրս հանելով աշխատակիցներին: