ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում Թուրքիան համաձայն չէ ԵՄ-ի հետ
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ բանակցություններում անհամաձայնություն է հայտնել ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում ԵՄ տեսակետներին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, բանակցություններից հետո այս մասին լրագրողներին հայտարարել է Մարտին Շուլցն այսօր անցկացրած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով` Դավութօղլուի հետ քննարկվել են բոլոր հնարավոր հարցերը` փախստականների խնդիրը, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, այդ թվում` միգրացիայի հետ պայքարի գծով գործողությունների ծրագրի կատարումը, փախստականներին վերադարձնելու մասին համաձայնագիրը, վիզային ռեժիմն ազատականացնելու հարցը, սահմանների վերահսկողությունը, Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի գործողությունները, ԵՄ հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սահմանային վերահսկողությունը լավացնելու համար, ինչպես նաեւ բյուջետային հարցեր:
«Բացի այդ, մենք քննարկել ենք Թուրքիայում ներքին իրավիճակը: Բարձրացրել ենք քրդերի եւ «Զաման» թերթի ճնշման հարցերը: Դավութօղլուն չի համաձայնվել ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում մեր տեսակետներին, ինչը զարմանալի չէ: Մենք նրան հայտնել ենք, որ ԶԼՄ-ների ազատության հարցը առանցքային տարր է եվրոպական նույնականության հետ: Դավուօղլուն այդ բոլորը բացատրել է իր տեսանկյունից` «Զաման»-ը բռնազավթելու հետ կատարվածը անվանելով դատարանի որոշման կատարում, ինչը միանգամայն անընդունելի է», -ասել է Շուլցը:
Թուրքական «Զաման» թերթի վրա ոստիկանության հարձակումը եւ թերթի նկատմամբ հսկողություն սահմանելու իշխանությունների գործողությունները քննադատել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն (Reuters):
«Թուրքիայի նման պահվածքն անընդունելի է եւ հակասում է եվրոպական արժեքներին: Չի կարելի ուզել մոտ լինել եվրոպական չափանիշներին, եւ միունույն ժամանակ, չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը: Դա ակնհայտ է, եւ մենք հստակ դա հասկացնել ենք տվել թուրքերին», -ասել է Էյրոն:
Թուրքիայում տիրող ավտորիտարիզմի նկատմամբ ԵՄ-ի անտարբերությունը ամոթալի է անվանել անգլիական The Independent թերթը:
«ԵՄ-ն ամոթալի կերպով անտեսում է Թուրքիայում մարդու իրավունքներին ուղղված հարձակումները եւ ավտորիտարիազմի աճը»,- գրում է թերթը` նշելով, որ դա արվում է փախստականների ճգնաժամի հարցում Անկարայի հետ համագործակցելու սպասումների պատճառով, միաժամանակ հիշեցնելով, որ «Զաման»-ի վրա ոստիկանության հարձակումը իրականցվել է ԵՄ խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի՝ ուրբաթ Թուրքիա այցի օրը:
Թերթը համոզմունք է հայտնել, որ Թուրքիա-ԵՄ հնարավոր համաձայնությունն անգամ չի կարող լուծել փախստականների խնդիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հակաժողովրդավարական գործողությունները քննադատել է նաեւ The Times թերթը` անվանելով նրան «բռնակալ եւ քմահաճ»:
«Ավտոկրատն Անկարայում» վերնագրով հոդվածում թերթը գրել է. «Չնայած Թուրքիան հանդիսանում է անկայուն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կենսական դաշնակիցը, սակայն, Արեւմուտքը պետք է բացահայտ կերպով քննադատի Էրդողանի՝ գնալով աճող ավտորիտար քաղաքականություն եւ քմահաճ վարքը»:
Ստամբուլի 6-րդ դատարանը, քաղաքի դատախազության ներկայացրած դիմումի համաձայն` ուրբաթ հոգաբարձուներ է նշանակել «Զաման» թերթի կառավարումն ստանձնելու համար:
«Այսօր մենք Թուրքիայում ականատես ենք լինում մամուլի ազատության ամոթալի օրվան», -հայտարարել է թերթի գլխավոր խմբագիրը:
Թերթի լրագրողները գտնում են, որ իշխանությունների այդ գործողությունները կբերեն պարբերականի փակմանը:
Ոստիկանությունը ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ ուրբաթ երեկոյան ցրել էր խմբագրության շենքի առջեւ հավաքված ցուցարարներին: Դրանից հետո ոստիկանները ներխուժել էին շենք եւ այնտեղից դուրս հանել աշխատակիցներին: Ոստիկանության գործողություններից տուժել էին թուրքական խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ:
«Զաման»-ը Թուրքիայում մնացած ընդդիմադիր հազվադեպ թերթերից է այդ երկրում իշխանությունների կողմից աճող քաղաքական ճնշման ֆոնին: