Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. Դավիթ Բաբայան
PoliticsԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ 2016 թվականին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը դեռևս չցանկացավ փակագծերը բացել, սակայն ավելացրեց, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ: «ԱՄՆ Ջորջիա նահանգի`Արցախի անկախությունը ճանաչո ղ բանաձևի ընդունումն այս տարի վերջին նման քայլը չի լինի»,- ասաց Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ողջունում է «Կալիֆորնիան կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի կոչը, ըստ որի` պետք է ԱՄՆ նախագահի թեկնածուների առջև բարձրացնել նաև Արցախի անկախությունը ճանաչելու հարցը:
«Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերը պետք է շաղկապել միմյանց: Վերջին շրջանում տեսնում ենք, թե միջազգային ասպարեզում ինչպիսի մեծ համակրանք կա Արցախի նկատմամբ, դրա վառ օրինակն է Ջորջիա նահանգի վերջին որոշումը: Ադրբեջանն իր քարոզչությունը վարում է հիմնվելով կաշառքի վրա, իսկ մենք մեր գործունեությունը ծավալում ենք հիմնվելով արժեքների, ընկերության վրա: Վարձկանը երբեք չի դառնա գաղափարակից»,- նկատեց Բաբայանը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է որքան հնարավոր է ընդլայնել միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման գործողությունները և արդյունքները տեսանելի կլինեն: