ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ հրթիռների արձակման կապակցությամբ
International newsԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը մտադիր է հասնել այն բանին, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվեն հրթիռային փորձարկումների կապակցությամբ, որոնք այդ երկրում շարունակվում են՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտմամբ:
Այդ մասին մարտի 8-ին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Իսլամական Հանրապետությունը բալիստիկ հրթիռների հերթական արձակումներն է իրականացրել զորավարժությունների ընթացքում:
Կոնգրեսը ձգտելու է ամերիկյան նոր պատժամիջոցների հասնել Թեհրանի դեմ, «այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը չի փոխել իր ագրեսիվ եւ սադրիչ գործելակերպը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նկատմամբ», ասել է Ռայանը:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները նախօրյակին նախազգուշացրել է, որ եթե Իրանում հրթիռային արձակումների վերաբերյալ տեղեկատվությունը հաստատվի, ապա ԱՄՆ-ը «այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»:
Ինչպես հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Sepah News լրատվական գործակալությունը, Իրանը բալիստիկ հրթիռների արձակումներ է իրականացրել ռազմատիեզերական ուժերի վարժանքների ընթացքում: Դրանք անցկացվել են՝ նպատակ ունենալով «ցուցադրել, որ Իրանի զինված ուժերը մշիտ պատրաստ են դիմագրավել երկրի անվտանգության ցանկացած սպառնալիք», նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: