Թուրքիայում ձերբակալվել են 88-ամյա փեսացուին խաբած երկու ադրբեջանուհիներ
International newsԹուրքիայում ձերբակալվել են երկու ադրբեջանուհիներ, ովքեր ամուսնանալու պատրվակով գողացել են Քարաբուք տարածաշրջանում բնակվող 88-ամյա փեսացուի 10 հազար թուրքական լիրան (մոտ 4 հազար ԱՄՆ դոլար):
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով azadlig.az լրատվական կայքը, խաբված Նիյազի Յալչընը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ տեսել է ամուսնանալ պատրաստվող ադրբեջանուհիներից մեկի լուսանկարը եւ հայտնել ոստիկանություն:
Իրենց լուսանկարները հեռուստատեսությամբ տեսած կանայք փորձել են փախուստի դիմել: Սակայն, ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել եւ կալանավորել 43-ամյա Սամիրա Վ.-ին եւ 55-ամյա Նատալյա Մահմուդովային:
Փեսացու Նիյազի Յալչընը պատմել է, որ իր հետ ամուսնանալու համար Նատալյայի եղբայրն իրենից 15 հազար լիրա է պահանջել, սակայն, սակարկությունից հետո ինքը համաձայնվել է վճարել 10 հազար լիրա:
«Ես վճարեցի 9 հազար լիրա: Նրա եղբայրը 6 ոսկյա ապարանջան էլ պահանջեց: Նատալյայի հետ իմ տուն` Քարաբուք եկավ նաեւ Սամիրան: Պատրաստվում էինք հարսանիքի: Հետո հեռուստացույցով տեսա նրանց լուսանկարը եւ հասկացա, որ խաբեբաներ ու կողոպտիչներ են», -պատմել է 88-ամյա փեսացուն:
Քարաբուքի ոստիկանությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ այդ ադրբեջանուհիները Թուրքիայի այլ շրջաններում` Անկարայում, Չորումում, Իզմիրում, Նիյդեյում եւ այլ վայրերում եւս կեղծ ինքնության փաստաթղթերով ամուսնանալու պատրվակով խաբել են տարեց տղամարդկանց: