Եվրոպայի լիգա. «Լիվերպուլ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը. «Ատլետիկ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին
SportՖուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ անգլիական մեկ այլ թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
Հա նդիպման մեկնարկային րոպեներից «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները սկսեցին ճնշում գործադրել մրցակցի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մեկնարկային ճնշումից հետո կարողացան որոշակիորեն հանգստացնել խաղը, սակայն հանդիպման 20-րդ րոպեին մրցավարը տուգանային հրապարակում մրցակցին վայր գցելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց, որը հստակ իրացրեց դաշտի տերերի հարձակվող Դանիել Ստարիջը:
Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը կրկին սկսեցին ճնշում գործադրել հյուրերի պաշտպանության վրա: «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները բազմաթիվ պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն հրաշալի խաղ էր ցուցադրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով մի քանի անգամ անհավանական կերպով փրկեց իր թիմին: Սակայն խաղի 73-րդ րոպեին անգամ Դավիդ Դե Խեայի հրաշալի խաղը չօգնեց հյուրերին: Եզրից Ադամ Լալանայի կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն: Մն ացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Բազել»-«Սևիլիա» 0:0
«Բորուսիա Դորտմունդ»- «Տոտենհեմ» 3:0
«Ֆեներբախչե»-«Բրագա» 1:0
«Շախտյոր Դոնեցկ»-«Անդերլեխտ» 3:1
«Ատլետիկ Բիլբաո»-«Վալենսիա» 1:0
«Սպարտա Պրահա»-«Լացիո» 1:1
«Վիլյառեալ»-«Բայեր Լևերկուզեն» 2:0
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 17-ին և 18-ին, որից հետո պարզ կլինի, թե որ թիմերն են շարունակելու պայքարը 1/4 եզրափակչում: