Դատարանն արգելել է Լեյլա և Արիֆ Յունուսներին բուժման նպատակով հեռանալ Ադրբեջանից
International newsԲաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների ներկայացրած բողոքը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Յունուսների փաստաբան Էլչին Սադիգովը:
Յունուսները դիմել էին Յասմալի շրջանի դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը մերժել էր նրանց դիմումը: Իրավապաշտպանները դիմել էին վերաքննիչ դատարան, սակայն այստեղ ևս նրանց դիմումը մերժվել է:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆը, մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Միջազգային հանրությունը 2014 թվականի ամռանը ձերբակալված Լեյլային և Արիֆին հայտարարել է քաղբանտարկյալներ: Շատ միջազգային կազմակերպություններ կարծում են, որ նրանց ձերբակալության պատճառն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հոդվածի հրապարակումն է: Լեյլա և Արիֆ Յունուսները դատապարտվել էին համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման:
Ամուսինները 2015 թվականի դեկտեմբերին ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով: