Լեհաստանում «ի պաշտպանություն Սահմանադրության» բազմահազարանոց ցույցեր են անցկացվել
International newsԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շուրջ 50 հազար քաղաքացիներ դուրս են եկել փողոց' «ի պաշտպանություն երկրի սահմանադրության»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Associated Press-ը, բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Պոզնան և Վրոցլավ քաղաքներում:
Ցուցարարները պահանջում են իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարությունից չեղյալ հայտարարել վերջերս ընդունված մի շարք օրենքներ, մասնավորապես Սահմանադրական դատարանին առնչվող օրենքը: 2015թ-ի դեկտեմբերին ընդունված օրենքով որոշակի սահմանափակումներ են մտցվում Սահմանադրական դատարանի գործունեության նկատմամբ, որոնք, ըստ էության, վերջինիս զրկում են կառավարության որոշումները չեղարկելու հնարավորությունից:
Ընդունված փոփոխությունների նկատմամբ առարկություններ են հայտնել նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Եվրոպական խորհրդարանում հարցի առնչությամբ առանձին լսումներ են անցկացվել, որոնց ընթացքում Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պատասխանել է եվրապատգամավորների բավականին սուր հարցադրումներին: