Արարատ - Փյունիկ. խաղից առաջ
Sport«Արարատ» - «Փյունիկ». 60 խաղ. +14=14-33, գոլեր՝ 50:107
Բարձրագույն խումբ, 17-րդ տուր
«Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 16:00
բուքմեյքերներ՝ 3.00 - 3.30 - 2.20
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Արարատը» հյուրընկալում է «Փյունիկին»: Բարդ է ասել հյուրընկալում, քանի որ «Հանրապետական» մարզադաշտը նաև «Փյունիկի» տնայինն է:
Հանդիպումը մեծ կարևորություն ունի թիմերի համար. «Արարատը» հաղթանակի դեպքում կշրջանցի «Շիրակին» և կմոտենա «Փյունիկին»: Գործող չեմպիոնը «Ալաշկերտի» պարտությունից հետո լավ հնարավորություն է ստացել հաղթել և առաջատարի հետ միավորների տարբերությունը հասցնել 2-ի:
«Արարատը» նախորդ տուրում «Միկայի» հետ ոչ-ոքի է խաղացել, իսկ «Փյունիկը» 1:2 հաշվով զիջել է «Բանանցին»:
Ընթացիկ մրցաշրջանում կայացած 2 խաղերից մեկում հաղթել է «Արարատը»`1:0, իսկ մյուս խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1:
Նշենք, որ «Փյունիկի» լավագույն ռմբարկուն Վարդան Պողոսյանն է, ով 8 գոլ է խփել, «Արարատից» մինչ այժմ ամենաարդյունավետը Գևորգ Նռանյանն է՝ 6 գոլ:
Թիմերի դիմակայության պատմությունը 60 խաղից բաղկացած. կեսից ավելի հանդիպումներում հաղթել են փյունիկցիները. «Արարատը» հաղթել է 14 խաղերում. նույնքան դիմակայություն էլ ոչ-ոքիով է ավարտվել: «Փյունիկն» այդ խաղերում «Արարատի» համեմատությամբ կրկնակիից ավել գոլեր է խփել՝ 107:50:
«Արարատը» լուրջ կորուստներով է մոտենում հանդիպմանը. որակազրկված են Ումարու Կաինան, Սուլեյման Կոնեն և Վահե Մարտիրոսյանը: «Փյունիկը» մարտունակ կազմով է մոտենում խաղին:
Հիշեցնենք, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն այլ մասնագետների հետ (որոնց թվում է նաև օգնական Կարեն Բարսեղյանը) գտնվում է Դորտմունդում, ուր ՊՐՈ արտոնագրի դասընթացներ է անցնում: Արարատցիների գործողություններն այս խաղում ղեկավարելու է Ստեփան Բաղդասարյանը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը վատառողջ է, ինչի պատճառով չի մեկնել Գերմանիա: