Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ն չպետք է Թուրքիայի իշխանության տակ լինի միգրացիոն ճգնաժամի պատճառով
International newsԿենտրոնական Եվրոպայի երկրներ փախստականների անխափան հոսքի ժամանակաշրջանն անցել է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ երթուղի կընտրեն: Գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:
Նրա խոսքով, մարդկանց մաքսանենգությունն ամբողջությամբ հնարավոր չէ կանխել: «Այդ պատճառով այն ամենը, ինչ հիմա անում ենք «բալկանյան երթուղում», պետք է անենք նաեւ «Իտալիա-Միջերկրական ծով» երթուղում, որպեսզի պարզ դառնա. Կենտրոնական Եվրոպայի երկրներ փախստականների ներթափանցման ժամանակն անցել է՝ անկախ նրանց երթուղուց»,- ընդգծել է Կուրցը:
Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, նա քննադատության է ենթարկել ԵՄ-ի նախկին միգրացիոն քաղաքականությունը: «Մենք չպետք է կազմակերպված կերպով Կենտրոնական Եվրոպա փոխադրենք Հունաստան ժամանած յուրաքանչյուր փախստականի: Այդպիսով մենք բավարարում էինք փախստականների ցանկությունը, ինչը մարդկային տեսանկյունից կարելի է հասկանալ, բայց դա հանգեցրեց այն բանին, որ ավելի ու ավելի մեծ թվով փախստականներ ճամփա ընկան: Հարկավոր է փակ պահել սահմանները»,- հայտարարել է ավստրիացի պաշտոնյան:
Սեբաստիան Կուրցն ակնկալում է, որ Եվրամիությունն առաջիկա գագաթաժողովի ընթացքում համաձայնության կգա Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում: Միաժամանակ, նա զգուշացրել է, որ պետք չէ այդ հարցում մեծ հույսեր կապել Անկարայի հետ: «Մենք պետք է անհանգստանանք Թուրքիայի իշխանության տակ չընկնելու համար»,- ասել է Կուրցը: