ԵԱ-2016. Չալյանը 8:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին եւ կգոտեմարտի ադրբեջանցու հետ
SportՌիգայում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
75 կգ քաշային կարգում Չալյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Էմրա Սուլեյման Կուսին եւ մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ:
Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտել էր վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ եւ պարտվել 0:8 հաշվով: Դատունաշվիլին դուրս է եկել եզրափակիչի, ինչի շնորհիվ հայ ըմբիշը շարունակում է պայքարը:
Որակավորման փուլում Չալյանը 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Ռոտերին, 1/8 եզրափակիչում 10:5 հաշվով ուժեղ էր բուլղարացի Իլիան Տոդորով Գեորգիեւից:
80 կգ քաշայինների չեմպիոնի կոչումը կվիճարկեն Լեհաստանը ներկայացնող Էդգար Բաբայանն ու գերմանացի Պասկալ Էյսելեն: Բաբայանը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մանուկյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը դուրս է եկել 71 կգ քաշային կարգի եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար կմրցի սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչի հետ:
Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին: