Հրանտ Բագրատյանը Ռոբերտ Նազարյանին ստախոս անվանեց
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ՀԾԿՀ 2016թ. տարեկան ծրագիրը, որի ժամանակ բավական մեծ ակտիվություն դրսեւորեցին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Բազում քննադատություններից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ես վստահեցնում եմ, որ կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան Հայաստանում: Պետք է ասեմ, որ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է գինը: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ ցենտին` 1 կիլովատտ ժամի դիմաց»,- ասաց Ռ. Նազարյանը՝ փորձելով հանդարտեցնել նիստերի դահլիճում եռացող կրքերը: Սակայն, ի հեճուկս Ռոբերտ Նազարյանի, տեղից արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեղադրելով Նազարյանին ստախոսության մեջ:
«Եկամուտների տերը ես չեմ … Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի եւ Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական սուբսիդավորում»,- ասաց Նազարյանը, որին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորը տեղից բղավեց` չկա: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- հայտարարեց Նազարյանը: «Չկա»,- պնդեց Բագրատյանը: Ռ. Նազարյանի եւ Հ. Բագրատյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց, մեկը մյուսին սկսեց մեղադրել ստախոսության մեջ: Ընդդիմադիր պատգամավորը վարման կարգով ձայն խնդրեց, սակայն Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը չի նախատեսում վարման կարգով խոսել այդ պահին: Բագրատյանը զայրացած տեղից բղավեց, որ Նազարյանն ամեն անգամ գալիս, «ստից-մտից բաներ է ասում, բոլորին խաբում, իսկ ինձ էլ ձայնի իրավունք չեք տալիս, որ Նազարյանի ստերը բռնեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: